National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
31.10.2017
«Հայաստանը խաղաղության եւ կրոնական համերաշխության ջատագով է». ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանով
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 31-ին Էջմիածնում ներկա է գտնվել «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ եւ հնարավորություններ» համաժողովի բացմանը:

Էդուարդ Շարմազանովը ողջույնի խոսքում  նշել է.

«Ուրախ եմ ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձր հովանու  ներքո անցկացվող համաժողովի առիթով: Բարի գալուստ եմ մաղթում արտասահմանի մասնակիցներին: Կարեւոր է նաեւ, որ դահլիճում են հայաստանյան առաջատար համալսարանների ուսանողներն ու երիտասարդ գիտնականները, ովքեր ճեմարանականների հետ միասին որակյալ գիտելիք եւ տեղեկատվություն կստանան՝ լսելով զեկուցումներն ու ելույթները:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ մի քանի սկզբունքային դիտարկումներ անել՝ կապված օրվա թեմայի հետ: Հայաստանի Հանրապետությունն իր ստեղծման առաջին օրվանից անդուլ ջանքեր է գործադրում հարեւանների հետ խաղաղության, փոխադարձ հարգանքի եւ բարիդրացիության վրա հիմնված հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Մի դեպքում դա ստացվում է, եւ մենք շատ բարձր ենք գնահատում խաղաղ համակեցության առկա օրինակները: Մյուս դեպքում տասնամյակներ գործադրված քաղաքական եւ դիվանագիտական ջանքերը, ցավոք, առայժմ արդյունք չեն տվել եւ դրա պատճառով մեր տարածաշրջանում խաթարվում են անվտանգությունն ու կայունությունը: Շատ չխորանալով տասնամյակների պատմության մեջ՝ ասեմ միայն, որ վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները քիչ ջանքեր չեն գործադրել հանուն անվտանգ, ապահով ու կանխատեսելի տարածաշրջանի:

Հարգելի՛ գործընկերներ, մեր գերխնդիրը եղել եւ մնում է Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Մենք համոզված ենք, որ դրա լուծումը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների միջոցով՝ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում: Ադրբեջանի կողմից ռազմական լուծում տալու փորձերը ձախողվել են անցյալում, ձախողվում են այսօր, համոզված եմ՝ ձախողվելու են նաեւ ապագայում: Տեւական խաղաղությունն ու կայունությունը կհաղթանակեն այն դեպքում, երբ միջազգային իրավունքի հանրահայտ նորմերի զուգակցությամբ գտնվի հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի լուծում: Բոլոր կողմերը պարտավոր են հարգել Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը: Առ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը մերժում է ոչ միայն այդ իրավունքը, այլ նաեւ բարբարոսաբար վերացնում է հայկական քրիստոնեական հոգեւոր ժառանգության տասնյակ հազարավոր նմուշները, ինչպես օրինակ՝ Նոր Ջուղայի խաչքարերը, եւ փորձում այս հակամարտությանը տալ կրոնական երանգ: Հայաստանը եւ Արցախը խաղաղության եւ կրոնական համերաշխության ջատագովներ են եւ դատապարտում են այս հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու ադրբեջանական փորձերը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական ընդհատված երկխոսությանը, ապա, ցավոք սրտի, դրական տեղաշարժեր այս պահին չկան, ինչը, իհարկե, չի նպաստում տարածաշրջանային խաղաղությանը: Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը շարունակում է ժխտողականության եւ նախապայմաններ պարտադրելու քաղաքականությունը, որը մեզ համար երբեք չի կարող ընդունելի լինել եւ հակասում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության մեր տեսլականին:

Հարգելի՛ գործընկերներ, այսօր այստեղ են հավաքվել տարբեր կրոնների, ազգերի, քաղաքական համոզմունքների, նախասիրությունների ներկայացուցիչներ: Մեզ բոլորիս հյուրընկալել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր կենտրոնը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Չեմ կարող չօգտագործել առիթը եւ չընդգծել այն ներդրումը, որն ունի խաղաղության հաստատման գերբարդ գործում Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ով պարբերաբար հանդիպում է Հարավային Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ՝ Նորին Սրբություն Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ: Տարածաշրջանի ժողովուրդներն ուշադրությամբ հետեւում են Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ու կրոնական առաջնորդների հանդիպումներին՝ ակնկալելով դրական տեղաշարժեր խաղաղության այդ փնտրտուքում:

Ցավոք, միջազգային ասպարեզում եւ մեր մեծ տարածաշրջանում անհանգիստ մթնոլորտ է: Լարվածության հին օջախներին գումարվում են նորերը: Խաղաղությանն ուղղված ջանքերը շնորհակալության եւ հարգանքի են արժանի: Կարծում եմ, որ այսօրվա համաժողովը եւս մեկ ներդրում է մեր բարդ տարածաշրջանի ժողովուրդների միջեւ բարիդրացիություն հաստատելու, ինչպես նաեւ ազնիվ ու որակյալ գիտափորձագիտական եզրահանգումների հասնելու գործում:

Հարգելի՛ բարեկամներ, կրկին հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքին:

Աստված սիրո եւ խաղաղության մեջ պահի մեր ժողովուրդներին»:


16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am